Բարեկամներ

  • Արշակ Բանուչյան
    Մատենադարանի փոխտնօրեն

    Նրանք, ովքեր այսօր բանտերում են, հպարտորեն են տանում այդ ծանրությունը։ Նրանք, ովքեր այսօր այցելում են բանտերում փակված իրենց հարազատներին, նույնպես ընկճված չեն։ Ինքս չորս ամիս եղել եմ բանտում եւ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ դժվարություններ են կրում քաղբանտարկյալների կանայք, ծնողները, երեխաները։ Եւ դրա համար կոչ եմ անում օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, որովհետեւ այդ նրանց տառապանքով է կերտվում վաղվա օրինական ու արդար Հայաստանը։

     
  • Երվանդ Մանարյան
    Դերասան

    Ես չեմ կարող անտարբեր լինել, որովհետեւ քաղբանտարկյալն իմ պատվի համար է գտնվում բանտում։ Անտարբեր չեմ կարող լինել, որովհետեւ այդ դեպքում ես դուրս կգամ շատ ստոր մարդ։ Մեկը իմ պատվի համար գնա իրեն նեղություն պատճառի եւ ես նրան անտարբերության մատնեմ։ Նյութական օժանդակությունը նաեւ բարոյական օժանդակություն է։ Ես այդպես եմ կարծում։ Մեր կեցվածքից է կախված հասարակության ինչպիսին լինելը։ Ես ուզում եմ կարգին հասարակության անդամ լինել եւ դրա համար կոչ եմ անում սատարել քաղբանտարկյալներին։
     
  • Վարդան Հարությունյան
    Իրավապաշտպան

    Քաղբանտարկյալները կարիք ունեն աջակցության՝ եւ իրավական, եւ սոցիալական։ Այսօր մենք հիմնական շեշտը դնում ենք իրավական աջակցության վրա, որովհետեւ բոլոր դատավարությունները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, դատավարություն կոչվելու իրավունք չունեն։ Դրանք անպայման պետք է հասնեն Եւրոդատարան եւ իրենց արժանի ու ճշգրիտ գնահատականը ստանան։ Ձեր հավաքած յուրաքանչյուր լուման, յուրաքանչյուր սենթը ոչ միայն օգնություն է կոնկրետ մարդու, կոնկրետ ընտանիքի, այլեւ ծառայում է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը։ Այսինքն՝ քաղբանտարկյալների պաշտպանությունը, նրանց ընտանիքների ապահովելը, կարեւոր քայլ է Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին։
     
  • Արտակ Զեյնալյան
    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ

    Քաղբանտարկյալները կարիք ունեն աջակցության եւ մենք մեր ներդրումը պիտի անենք նրանց ազատության համար։ Ներդրում կատարենք, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել նրանց իրավունքները մեր պետական դատական ատյաններում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւրոպաան դատարանում։ Նաեւ պիտի հոգանք, որպեսզի նրանց ընտանիքի անդամները կարողանան արժանապատիվ կյանքով ապրել եւ ամուսինների, հարազատների, մտերիմների բացակայությունը շատ ծանր չանդրադառնա նրանց վրա։ Մոտ յոթ տասնյակ քաղբանտարկյալներից շատերն իրենց ընտանիքի միակ կերակրողն էին։ Հիմա բազմաթիվ ընտանիքներ զրկվել են կերակրողից

     
  • Արթուր Սաքունց
    Իրավապաշտպան

    Մենք չենք կարող լիարժեք կերպով ապրել մի երկրում, որտեղ մեր կողքին կան քաղաքական հայացքների համար դատապարտված, ազատազրկված մարդիկ։ Մենք ակնկալում ենք, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն առաջին անգամ ներդրում ունենան ժողովրդավարության վերականգնման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Այս գործում առաջին քայլը քաղբանտարկյալների պաշտպանությունն է։
     
  • Հուսիկ Բաղդասարյան

    Գտնվելով բանտում, մենք ակտիվ մասնակցում էինք քաղաքական կյանքին՝ հետեւում էինք, վերլուծում ստեղծված իրավիճակները եւ տեսնում էինք, որ շարժումը շատ դինամիկ ընթանում է, գնում է առաջ։ Քաղբանտարկյալներից ոչ մեկը եւ ոչ մի րոպե չի զղջացել իր արածի համար։ Մենք ոչ թե բանտարկյալ էինք այնտեղ մեզ համարում, այլ՝ քաղաքական պատանդներ, որոնց մեկուսացրել են շարժումից ու պահում են փակ տարածքում։ Քաղբանտարկյալների բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, բոլորն էլ պատրաստ են դուրս գալուց հետո շարունակել իրենց պայքարը հանուն ժողովրդավարության, երկրում օրինական իշխանության հաստատման, Հայաստանի ու Ղարաբաղի ամբողջականության։
     
  • Իրինա Բաղդասարյան
    Քաղհալածյալ Տիգրան Բաղդասարյանի կինը

    Ես խնդրում եմ բոլոր բարի մարդկանց, եթե դուք ունեք, ի վիճակի եք օգնել քաղաքական բանտարկյալներին, օգնեք, որովհետեւ նրանց մեծ մասն ունի այդ օգնության կարիքը։ Ուզում եմ հիշեցնել Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմից այս խոսքերը. «Եթե դու կարողանաս օգել գոնե մի հոգու, դու կփրկես ամբողջ աշխարհը»։ Եթե դուք կարողանաք օգնել գոնե մի ընտանիքի, դուք կփրկեք Հայաստանը։ Մարդիկ ձեր կարիքն ունեն։
     
  • Կարինե Աֆրիկյան
    ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին վարչության պետ
    աշխատանքից ազատվել է քաղաքացիական կեցվածքի համար

    Այսօր Հայաստանում ավելի, քան երբեւէ օրվա խնդիր է մարդու իրավունքների հարցը, հատկապես եթե հաշվի առնենք մոտ յոթ տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը։ Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ մարդու իրավունքերը չեն ներդրվում դրսից, չեն իջեցվում վերեւից, դա ներքեւից եկող շարժում է, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր անհատական, ինչպես նաեւ հավաքական ջանքերով։ Դիմում եմ ձեզ կոչով եւ խնդրում օգնել քաղբանտարկյալներին։ Հավատացեք, դա այսօր Հայաստանի ամենակարեւոր խնդիրն է։ Օգնելով քաղբանտարկյալներին՝ դուք կնպաստեք մարդու իրավուների պաշտպանությանը եւ այն քաղաքացիական շարժմանը, որն այսօր կա Հայաստանում։
     
  • Աննա Հակոբյան

    Այն, ինչ հիմա արվում է Հայաստանում, արվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների համար, այլեւ՝ ամբողջ հայության, որպեսզի ամեն հայ հնարավորություն ունենա վերադառնալ Հայրենիք եւ որպեսզի ոչինչ չստիպի հային լքել Հայրենիքը։ Սա մի գործ է, որ պետք է անեն բոլորը, ովքեր գիտակցում են պահի ճակատագրական լինելը։ Յուրաքանչյուրն իր լուման պետք է ներդնի։ Այդ ներդրումը կարող է լինել նյութական, բարոյական, իրավական, կազմակերպական։ Ցանկացած աջակցություն ոգեւորում է մարդկանց, հատկապես՝ բանտերում կամ ընդհատակում գտնվող քաղաքական հալածյալներին։ Նրանք կրում են Հայաստանում արդարության եւ օրինականության վերականգնման համար պահանջվող բոլոր դժվարությունները։ Կրում են հպարտությամբ, չընկճվելով, եւ դա պետք է անպայման գնահատվի, դա պետք է արժանանա խրախուսանքի։ Նրանց ընտանիքները, նրանց ծնողները, կանայք, երեխաներն առօրյա խնդիրներ չպետք է ունենան։ Եւ այդպիսով քաղաքական հալածյալները պետք է տեսնեն, որ ամբողջ ժողովուրդն է իրենց հետ։
     
  • Վարդան Մալխասյան

    Քաղբանտարկյալները մեր ազգի նվիրյալներն են, մեր ազգի հերոսները։ Նրանք ձերբակալված են հանիրավի, որեւէ մեղք չեն գործել։ Նրանց միակ մեղքը մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար մղած պայքարն է։ Կոչ եմ անում բոլորին՝ ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, որ այժմ Հայաստանը բռնապետերի ձեռքին է։ Մեր ազգի, մեր մշակույթի, հավատքի հետ կապ չունեցող մարդիկ զավթել են իշխանությունը եւ ամեն օր ավերում են մեր երկիրը, պղծում մեր արժեքները։ Կոչ եմ անում աջակցել քաղբանտարկյալներին, քանի որ այդ աջակցության կարիքն այսօր խիստ զգացվում է։
     
  • Ժիրայր Սեֆիլյան
    Նախկին քաղբանտարկյալ

    Ես քաղբանտարկյալներին ավելի շատ կնմանեցնեի պատերազմի ժամանակ զինվորների կամ հրամանատարների, որոնք գտնվում են առաջին գծում, խրամատում։ Եւ ինչպես այդ պատերազմի տարիներին արտերկրի մեր հայությունը փորձում էր ամեն ձեւով օժանդակել ռազմի դաշտում գտնվողներին, հիմա նույնպես պետք է օժանդակությունը լինի, որովհետեւ սա քաղաքական գործընթաց չէ, սա մարտ է։ Պարզապես ընդդիմադիր կողմը՝ ժողովուրդը, մինչ օրս փորձում է քաղաքակիրթ ձեւով պայքարը տանել, իսկ հակառակորդն ի սկզբանե օրենքից դուրս է, ինքն իրեն սանձարձակ գործելու իրավունք է տվել։
    Իմ կոչը այն է, որ հնարավորինս փորձեք ձեր օժանդակությունը բերել մեր առաջին գծում գտնվող ընկերներին, որոնց պայքարն իրենց անհատի համար չէ, բոլորիս համար է, միայն հայաստանաբնակների համար չէ, ամբողջ հայության համար է։ Որովհետեւ եթե մենք կորցնենք մեր այսօրվա Հայրենիքը, սփյուռքը նույնպես դատապարտված է լինելու վերացման։ Շատ կարեւոր է ձեր օժանդակությունն այս հարցում։
     
  • Քնարիկ Խաչատրյան
    Քաղհալածյալ Արշակ Բանուչյանի կինը

    Չորս ամիս ամուսինս եղել է բանտում։ Այդ ընթացքում մեր ընտանիքը հայտնվել էր ծանր կացության մեջ՝ թե նյութական եւ թե հոգեբանական առումով։ Հիմա, թեեւ ամուսինս ազատության մեջ է, բայց ես մասնակցում եմ քաղբանտարկյալների կանանց բոլոր ակցիաներին, որովհետեւ շատ լավ եմ պատկերացնում նրանց վիճակը։ Կոչ եմ անում բոլորին լինել քաղբանտարկյալների ընտանիքների կողքին, հնարավորության չափով օգնել նրանց, որովհետեւ բանտերում փակված այդ մարդիկ կերտում են մեր երեխաների ապագան։
     
  • Արամ Սարգսյան
    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ

    Մեր ընկերներն, ովքեր այսօր ազատազրկված են, ավելի են ազատ, քան այս իշխանությունները։ Նրանք ազատ են ոգով։ Նրանք չեն ընկճվում, թեեւ գիտեն, որ իրենց ընտանիքները դժվարություններ են կրում։ Խնդիրները բազմաթիվ են, բայց առաջին հերթին ուզում եմ առանձնացնել երկու բան՝ փաստաբանական ծախսերը եւ սոցիալական վիճակը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է դժվար պահին օգնել բոլորի համար պայքարող, բոլորի համար մարտնչող եւ ինչ-որ տեղ բոլորի փոխարեն հանիրավի տուժող մարդուն։ Սա քրիստոնյայի համար մեկ խնդիրն է՝ սիրել մերձավորին, եւ կարծում եմ դուք ինքներդ էլ դա հասկանում եք։
     
  • Գագիկ Ջահանգիրյան
    Քաղբանտարկյալ

    Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական քաղբանտարկյալներս կամ ավելի ճիշտ՝ քաղաքական պատանդներս, պատրաստ ենք անազատության մեր խաչը կրել այնքան ժամանակ որքան անհրաժեշտ է ապօրինի այս ռեժիմից ազատվելու համար։ Մեր վիճակն ու համաժողովրդական շարժումը փոխկապակցված են՝ որքան շարժումը դրսում ամուր է, ուժեղ, գաղափարապես կուռ ու միասնական, այնքան մենք՝ քաղբանտարկյալներս, ներսում միահամուռ, միակամ եւ ուժեղ ենք։
    Որքան մենք՝ քաղբանտարկյալներս ճաղերի ետեւում միասնական ենք, միակամ, անկոտրում, այնքան համաժողովրդական շարժումը դրսում կուռ ու ամուր է։ Սա այսպես է, որովհետեւ մեր նպատակը շարժման հաղթանակն է։
    Ես խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ մեր հայրենակիցներին չդադարեցնել պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական իշխանություն, քանի դեռ Հայաստանում չեն հարգվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, քանի դեռ Հայաստանը չի դարձել մեր բոլորի երազանքների երկիրը, մեր բոլորի Հայրենիքը։
     
  • Հերմինե Մաթեւոսյան
    Մաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի դուստրը

    Ես Հերմինե Մաթեւոսյանն եմ, քաղբանանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի աղջիկը։ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ եմ։ Ինչո՞ւ եմ «Հիմա»-ից, որովհետեւ կարծում եմ, որ այս պահին «Հիմա»-ն իրական ուժ է։ «Հիմա»-ում քաղբանտարկյալների երեխաներ շատ կան։ Մենք անում ենք տարբեր ակցիաներ նվիրված քաղբանտարկյալներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կա ոչ թե 75 քաղբանտարկյալ, այլ բոլոր ազատամիտ մարդիկ քաղբանտարկյալ են, որովհետեւ այսօրվա Հայաստանը մի մեծ բանտ է ազատամիտ մարդկանց համար։ Այսօր կան շատ քաղբանտարկյալների ընտանիքներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն եւ շատ են զգում ձեր օգնության կարիքը։
     
  • Հրանտ Տեր-Աբրահամյան
    Հրապարակախոս

    Ինչ-որ տեղ մենք բոլորս ենք քաղբանտարկյալ, որովհետեւ անազատ երկրում ցանկացած քաղաքացի, ով իր ներսում ազատ է, ինքն իրեն բանտարկյալ է համարում։ Կա սահմանափակվածություն մտքերի արտահայտման, գործողությունների եւ այլն, բայց մեզանից ոմանք քաղբանտարկյալ են նաեւ բառի բուն իմաստով։ Մենք գիտենք բոլորին։ Նրանք շատ տարբեր մարդիկ են, տարբեր կենսագրություն ունեն, տարբեր դիմագիծ, տարբեր կարծիքներ կան նրանց մասին, բայց բոլորին միավորողն այսօր անազատությունն է, որով նրանք քավում են մեր հասարակության գործած մեղքերն ու սխալները։
    Դրա համար շատ կարեւոր է նյութական, իրավական, հոգեբանական աջակցությունը քաղբանտարկյալներին, որովհետեւ այդ մարդիկ իրականում մենք ենք։
     
  • Խանում Հովհաննիսյան
    Քաղհալածյալ Միսաք Հովակիմյանի կինը

    Եթե այսօր դուք պաշտպանեք քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին, դուք պաշտպանած կլինեք Հայաստանի ազատամիտ քաղաքացիներին, օգնած կլինեք նրանց մաքրելու Ավգյան ախոռների վերածված Հայաստանը։ Եւ կարճ ժամանակ անց Հայաստանն իր պետական հատկանիշներով չի զիջի այն պետություններին, որոնց դուք նախապատվություն եք տվել ու բնակություն հաստատել այնտեղ։
     
  • Լեւոն Զուրաբյան
    Հայ ազգային կոնգրեսի համակարգող

    Այսօր Հայաստանը գտնվում է օրհասական վիճակում։ Հայաստանի ժողովրդավարության համար վճռորոշ պահ է։ ժողովրդավարությունն, ըստ էության, Հայաստանի միակ ռեսուրսն է, որը թույլ կտա մեզ դիմակայել այն մարտահրավերներին, որ ծառացել են մեր երկրի ու ժողովրդի առջեւ։ Կոչ ենք անում բոլորին աջակցել ժողովրդավարությանը Հայաստանում, աջակցել մեր հերոսամարտիկներին, այսինքն այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական հայացքների համար այսօր փակված են բանտերում։ Ձեր աջակցությունը կունենա վճռորոշ նշանակություն։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում ձեր նպաստը բերել քաղբանտարկյալներին օգնելու, նրանց համար իրավական պաշտպանություն կազմակերպելու հարցում եւ ընդհանրապես ժողովրդավարական գաղափարները Հայաստանում տարածելու նպատակով։
     
  • Մելիսա Բրաուն
    Քաղհալածյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը

    Մեր ամուսինները անմեղ են, նրանք բանտարկված են միայն իրենց քաղաքական հայացքների համար, օրինական, խաղաղ գործունեության համար են նստած, որովհետեւ կեղծված ընտրություններից հետո իշխանությունը վախենում է ընդդիմությունից, վախենում է ժողովրդավարությունից։ Ու քանի որ մեր ամուսինները հավատում են, պայքարում են ժողովրդավարության համար, նրանք հիմա գտնվում են բանտերում։ Մեր տղերքը ուժեղ են, դիմանում են, մենք էլ իրենց նման դիմանում ենք, բայց ես չեմ կարող ասել, թե հեշտ է։ Առաջին օրերից սփյուռքահայերի սատարումը մենք զգում ենք, շատ շնորհակալ ենք։ Մենք գիտենք որ Լոս Անջելեսում մեծ համայնք կա, որ մեզ հետ է։ Մի անգամ թելեթոն եղել է արդեն եւ դա շատ կարեւոր է։ Բացի դրամ հավաքելուց դա կարեւոր է նաեւ, որովհետեւ սփյուռքահայերին ներկայացվում է Հայաստանի իրական վիճակը։ Շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, չեն զգում, որ Հայաստանը կորցնում է իր վարկանիշը։ 1988 թվականից հայերը Սովետական Միությունում առաջինն էին, որ բարձրացնում էին մարդու իրավունքների, ժողովրդավարության, անկախության հարցեր։ Հիմա Հայաստանը հետ է մնում։ Իսկ մեր ամուսիններն ուզում են, որ Հայաստանը լինի լավ երկիր։
     
  • Ստեփան Դիմիրճյան
    Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ

    Առ այսօր շարունակում են անազատության մեջ գտնվել բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ եւ ակտիվիստներ։ Շատ քաղբանտարկյալների ընտանիքներ այսօր գտնվում են ծանր սոցիալական պայմաններում, նեղության մեջ են եւ մեր պարտքն է աջակցել նրանց։ Աջակցելով քաղբանտարկյալներին, դուք ձեր ավանդն եք բերում Հայաստնում արդարության հաստատման գործին։
     
  • Լյուդմիլա Սարգսյան
    ՍԴՀԿ ատենապետ

    Սիրելի հայրենակիցներ, դուք՝ լինելով շատ հեռու հայրենիքից, մշտապես օժանդակել եք մեր բոլոր գործողություններին։ Այսօր՝ ավելի քան անցյալում, մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Մեր քաղբանտարկյալների ընտանիքները շատ ծանր վիճակում են։ Պատկերացրեք, տան տղամարդն ինն ամիս բանտում է, ինչ վիճակում կարող է հայտնվել ընտանիքը։ Այսօր մենք խնդիր ունենք նաեւ ժողովրդավարության զարգացման, մարդուն պաշտպանված տեսնելու եւ այդ բոլոր խնդիրները լուծելու համար ազգովին պիտի պայքարենք։ Մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Եւ որքան մեծ լինի այդ աջակցությունն, այնքան շուտ Հայաստանը կդառնա այն երկիրը, ուր կերազեք վերադառնալ։
     
 
 

Նորություններ